ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կերպարվեստի Արարատ երկրում

Կերպարվեստի Արարատ երկրում
03.10.2023 | 21:40

ՎՐՈՒՅՐ. ԿՅԱՆՔԸ` ՄԱՔԱՌՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔԸ` ՏՈՆ

«Վրույր Գալստյանն իր մահից հետո (1996 թ.) թողեց իր դիմակների զարմանահրաշ աշխարհը, իր ցնցող գեղանկարչական փորձառությունը, այրական համեստությունն ու անպաշտպան սերն ու բարիությունը»:
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
Գրող, մշակութաբան, էսսեիստ


ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԴԱՓՆՋԻ ՓՇԵ ՊՍԱԿԸ
Նրա երկրային կյանքի ժամանակը, ի զանազանումն շատերի, բոհեմական ժամանցի ընթացք չէր, այն բիրտ ու աներեր տրոհումների անխափան դիպվածաշար էր:

Ի տարբերություն հայ կերպարվեստի հանրածանոթ անհատների, նա ծնվել է Երևանում, 1924-ին, Եզեկիել Գալստյանի ընտանիքում:
Եզեկիել և Վրույր` անուների խորհրդանշական զուգորդում: Հայոց 12-րդ մայրաքաղաքը, որ կրում էր նախորդ քաղաքամայրերի փառահեղ կեցության արձագանք-պատգամները, ասես դարավոր զարթխումից (խումհար) ուշքի գալով` դառնում էր ՔԱՂԱՔ, քաղաք, որ տուֆակերտ էր, պոետիկ և մեղեդային:

Եվ այդ քաղաքը ստեղծագործող անհատների համար թե՛ սիմֆոնիկ համերգ էր (օրինակ` Կառավարական տունը կամ Օպերան) և թե՛ որպես նոկտյուրն` չէ՞ որ ամենուր կառուցվում էին փոքրածավալ ՀԷԿ-եր, բանվորական ակումբներ, կամուրջներ և այլն:
Վ. Գալստյանը հասակ առավ դարերի սահմանագծում: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցան կավաշեն և փոշեծածկ գավառական մի բնակավայրում, իսկ երիտասարդությունը` թամանյանական շենշող Երևանում, որից մնաց գրեթե անտես:

11 տարի շարունակ այս զարմանահրաշ անհատականությունն ապաքինվում էր հոգեբուժարանում` մեկուսացված աշխարհից, հայոց բնաշխարհի մի խոհական անկյունում, ուր մերթընդմերթ խոլական տեսիլքներն այցելում էին նրան և վերածվում ստեղծագործական հայտնության:
Նրա մանկությունն աննկատ պատանեկության հանդերձ հագավ:

Երևանյան փողոցը նրա սերնդի կայացման էպիկենտրոնն էր: Ապագա նկարիչը հասակակիցների հետ զառ ու ճան էր խաղում և բավականին հաջողակ էր` երբեմն ձեռք էր բերում «Պոբեդա» մակնիշի թանկարժեք «ռազմավար», երբեմն` շվեյցարական ժամացույցներ: Իսկ տանը նա նկարում էր: Եվ ահա ինձ մոտ արկածախնդրային մի հարց է առաջանում` պատանեկության այս շրջանն արդյո՞ք ինչ-որ ձևով ներառվեց նրա` անվերապահորեն համաշխարհային մակարդակի վարպետի խիստ անսովոր գեղագիտական համակարգ:
Սուրենյանց, Սարյան, Յակուլով, Քոչար, Գորկի, Կալենց, Հ. Գյուրջյան, Կոջոյան և Գայֆեճյան... և... և... և... հայեցի, հուժկու բռնկումներ: Հայոց ազգային կերպարվեստի եռակայմ առագաստանավերը նավարկում էին կերպարվեստի համաշխարհային ջրերում, ուր ուրվագծվում էին բազմանիստ ու գեղակերպար կղզյակներ: Դրանցից մեկում Ռոսլինն էր, մյուսում` Մոմիկը, երրորդում` խաչքարագործ անհայտ վարպետը:
Դար 20-րդ: Կերպարվեստի հայոց կենաց ծառը պտղալից էր և դարակեսի այգաբացին կենաց պտուղները հուրհրացին, որոնք խնկաոսկի փայլ ունեին, քիչ անսովոր ձև և բույր, սակայն ազգային էին, տաղանդացոլք և բնավ աղքատ ազգակցական չէին միջազգային սալոններում, գիտամշակութային հավաքներում ու հավակնոտ հավաքորդների պահոցներում:
Լյառն Արարատի հայացքի ներքո ալեկոծվում էր հայկական ավանգարդը:

Տե՜ր իմ երկնավոր, ինչպիսի՜ բազմերանգություն էր ասպարեզում` Փարաջանով ու Հովհաննես Մինասյան, Դեղձ Աշոտ ու Ռուբեն Ադալյան, Հենրի Էլիբեկյան ու Արտո Չաքմաքչյան, Էդուարդ Խարազյան, Սեյրան Խաթլամաջյան և Մարտին Պետրոսյան, Արա Շիրազ և... և... և... Վրույր Գալստյան` որդին Եզեկիելի: Անկրկնելի, ինչպես ավանգարդ հոսքի զինընկերները: Եվ, ի զանազանումն նրանց, գրեթե անմեկնելի:


ԱՆՄԵԿՆԵԼԻՆ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔՈՒՄ

Նա ավարտեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը 40 տարեկանում, երբ հայկական ավանգարդի ասպետները «ասպատակում» էին ցուցասրահները` ամենուր դառնալով հիացմունքի ու բանավեճի բնանյութ, փոթորկուն քննարկումների առարկա և, ինչու չէ, լրջախոհ գիտական թեզի թեմա: Վրույրը նրանց շարքում էր, անզսպորեն անսպասելի և անթաքույց խորհրդավոր: Նա հաճախ էր մտորում բարձրաձայն, որն ավելի շուտ անավարտ խոստովանաք էր.

«Ես ցանկանում եմ տեսնել հեռուն` ինչպես ներկան, անցյալը... ինչպես ապագան»:
«Հավը նույն թռչունն է, որը սակայն թռչում է իմ երազներում, այդ երազները իմ ճշմարտությունն են, կյանք իմ»:


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾՆԵՐ

Մի՞թե Տերտերյանի երաժշտությունը չի հնչում, դիցուք, «Նատյուրմորտ» մոգական կտավում` վրձնված 1984-ին:

Ես լսում եմ այդ երաժշտությունը` արձանանալով կտավի առաջ: Եվ ատոմի ճեղքումը կա այստեղ, և հայկական մանրանկարներից այցի եկած թաքնախորհուրդ մի այցելու, որն ակներևաբար հայտնվել է նրա արթմնի երազում: Վրույրն առհասարակ չի թաքցնում ոչինչ: Առանց սեթևեթանքի առաջարկում է արվեստասերներին ու արվեստագետներին գոնե մի պահ ներառվել իր աշխարհներում, որտեղ հեքիաթն ու իրականությունը մեկտեղվում են և ասես անհայտությունից հառնում են տարաշխարիկ կերպարներ:

Եզեկիելի անմահ որդին նաև երևելի ճամփորդ էր, ով քուն թե արթուն դեգերում էր հայոց միջնադարում, ամրոցաշեն վարպետների հետ քարեր կոփում և դրանց խորհրդանշական ձևույթները տեղադրում էր հազար տարի անց ծնված գործերում: Իհարկե նաև այցելում էր մատենանկարչության վարպետների և երկար-երկար հետևում նրանց գեղակերտմանը:
«Նա երևույթ է, արժանի հատուկ ուշադրության»` Մարտիրոս Սարյան:
Հատուկ ուշադրության Վրույրն արժանացա՞վ:
Կասկածում եմ:
Նրա մասին գրեց Հենրիկ Իգիթյանը, գրել է Ռուբեն Անգալադյանը:

Մեկ-երկուսն էլ են գրել, տեսաֆիլմեր նկարահանել:

ՈՒրիշ ոչինչ: Գուցե պահն է ունկնդրել Հենրիկ Իգիթյանին.

«Ինձ բախտ է վիճակվել ընկերություն անել Վրույրի հետ: Եվ բախտ է վիճակվել ապրել այն ժամանակ, երբ որ ապրում էին մեր լավագույն արվեստագետները, որոնց թվում և Վրույր Գալստյանը»:
Ըստ իս, սակավ է գրվել և այս հրապարակումը նաև առիթ է արվեստաբանների ուշադրությունը հրավիրելու: Գիտական թեզեր պաշտպանեք, ֆիլմերի սցենարներ գրեք, առհասարակ վերաժևորեք նրան: Իսկ այս պահին ես կրկին սևեռվել եմ նրա երևի թե ամենացնցող նկարի` «Կոմպոզիցիայի» վրա: Կոմպոզիցիան, ինչպես հայտի է, հորինվածքն է: Ապշահար մարդ-դիմակներն ասես զգում են և՛ Վրույրի մոտալուտ վախճանը, և՛ աշխարհին ու Հայաստանին պատուհասող գալիք արհավիրքները:

Գործը երկնել է 1996 թվականին, որը հեղինակի նաև մահվան տարին է: Կասկած չկա` Վրույրը կանխազգում էր իր վախճանը: Կոմպոզիցիայի հերոսներն ասես ուղերձներ են հղում աշխարհին` փորձելով կանխել անվերապահ արհավիրքը: Լուռ են նրանք, չափազանց խոսուն են նրանց աչքերն ու դիմախաղը: Եվ ահա լսելով Տերտերյանի երրորդ սիմֆոնիան` ներաշխարհումս հնչում է Չարենցի անվերնագրի ութատողի առաջին չորսը.
Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի
Հոսում է ծանր ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը-տոթ, ձիերը-վառ, վազքը խելառ...
Ծանր, հորդահոս և արնավառ էր կյանքդ, Վրույր, որդի Եզեկիելի: Սակայն դեռ գալու է խնդության ժամը: Զի Վրույրն ալեկոծում է և տոն է Վրույրը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ.Գ. «Կերպարվեստի Արարատ երկրում» խորագիրը մոտ ժամանակներս գեղարվեստագործարարական նախաձեռնությամբ է ներկայանալու հանրությանը:

Դիտվել է՝ 31411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ